ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Մաս I, Ներածություն
Դավիթ Դավիթյան
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս
Նախկինում՝ Դաշնային օդային ուժերի Այ-Բի-Էմ (IBM) համակարգի նախագծող, Սան Մայքրոսիսթեմսի և Այ-Բի-էմ-ի տեխնիկական տեղեկատվության վերլուծաբան:
Սեպտեմբեր, 2015թ.
«Հակառակորդի վիճակի իմացությանը կարելի է հասնել միայն այլ անձանց միջոցով»:
Սուն Ցզի
Հրամանատարական կառույցների կողմից տվյալների համատեղ օգտագործումը և այդ հարցում համագործակցությունը շարունակում է մնալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ) արդյունավետ օգտագործման էական խնդիրներից մեկը: Այն, ինչը նախկինում իրենից ներկայացնում էր հրամանի արձակման պարզ գործողություն, ներկայումս բարդանում է անմիջականորեն ռազմական թատերաբեմում միաժամանակյա կիրառվող ԱԹՍ-ների գործողությունների համակարգման անհրաժեշտությամբ և ստացվող հեռաչափային տվյալների հսկայական աճով: Դա պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ է մշակել բարձրորակ տեսանկարահանումների և համադրական ռադիոտեղորոշիչ սարքերից ստացված տվյալները և բաշխել դրանք ըստ անհրաժեշտության:
Մեկ ԱԹՍ-ի կառավարման համար նախկինում ստեղծված համակարգերն այժմ բախվում են ԱԹՍ-ների կատարելոգործման մշտական գործընթացի հետ, մինչդեռ, գետնի վրա տեղակայված կայանքները մնում են հարաբերականորեն անփոփոխ: Նախագծող ինժիներները թռչող սարքերը մշտապես համալրում են ավելի հզոր և ավելի որակյալ տեխնոլոգիաներով, ինչը հանգեցնում է տվյալների մշակման առաջին սերնդի կենտրոնների գերծանրաբեռնվածությանը:
Գործող համակարգերի շրջանակներում պարզապես ավելացնելով տվյալների շտեմարանի ծավալը կամ դրանց մշակման տեխնոլոգիական հնարավությունները ստեղծում է առկա վիճակի սոսկ հարաբերական բարելավում: Սրա արդյունքում տվյալների վատնումը դարձել է անխուսափելի:
Ավելին, գրեթե անհնար է ենթատվյալներ ստանալու, ամփոփելու և համադրելու միջոցով մուտքագրվող բարձր ճշգրտության տեսանյութերը, էլեկտրատեսողական ինֆրակարմիր պատկերները և նման այլ նյութերը արդյունավետորեն համակարգել օգտագործման համար անհրաժեշտ տվյալների բազայի մեջ: Իրական ժամանակում հաղորդվող տեսանյութն անշուշտ պահպանվում է, սակայն չի համակարգվում: Հետիրավիճակային մշակումը պահանջում է ժամանակ, ինչը նվազեցնում է տեղեկությունների մարտավարական կիրառելիության հնարավորությունը:
Բազմաքանակ ԱԹՍ-ներից ստացվող տեղեկատվության պարագայում մշակման համակարգը պետք է բավականաչափ ճկուն լինի, որպեսզի կարողանա յուրացնել տեղեկատվության նման մեծ քանակություն, և միաժամանակ օժտված լինի մարտավարական կարևոր տվյալները ըստ հրամանատարական ենթակառուցվածքների բաշխելու կարողությամբ:
Դրա հետ մեկտեղ, այդ կարգի միասնական համակարգը պետք է հնարավորություն ունենա ոչ միայն համագործակցություն ապահովել հրամանատարական տարբեր կենտրոնների միջև, այլև պետք է կարողանա իրական ժամանակում ոչ ԱԹՍ աղբյուրներից ստացվող հետախուզական տեղեկությունները նույնպես ներառել ընթացիկ լուծումների մեջ: ԱԹՍ-ների հայտնի իսրայելական հրամանատար մայոր Յաիրի խոսքերով. «Դուք պետք է կյանքի ու մահու ազդանշաններ տաք վարկյանների ընթացքում»1: Օրինակ, գաղտնալսված բջջային հեռախոսազրույցը կարող է մեծ ազդեցություն ունենալ կայացվելիք որոշման վրա:
Այն որոշումները, որոնք կայացված չեն տեղեկատվության և հետախուզական տվյալների առավելագույն չափով հասանելի հիմքի վրա, կարող են թանկ նստել: Ուստի էական է ԱԹՍ համակարգի կողմից տեղեկությունները և իրական ժամանակում համագործակցությունը առավելագույն մակարդակի հասցնելու կարողությունը: Արդյունքը կախված է բարդ և շարժունակ համակարգում հետևյալ հատկանիշների առկայությունից.
– հետադարձ կապ՝ համակարգերի և զինծառայողների միջև
– օրինաչափության հայտնաբերում առերևույթ քաոսային թվացող իրադարձություններում
– ձախողումների բացառում, քանի որ իրական ժամանակով տեսանյութերում վերանայումներ չեն լինում
– զինվորական համակարգը լինելով աստիճանակարգված, վերջնական որոշումը կայացվում է վերադաս մարմնի կողմից:
Իրավիճակային իրազեկություն
Ակնհայտ է, որ ռազմադաշտի վերաբերյալ տեղեկատվությունն իրական ժամանակով ունենալը և նույն վայրի վերաբերյալ անցյալի տեղեկատվությանը տիրապետելը խիստ կարևոր են ռազմական ձեռնարկումներում: Սակայն մի բան է ցանկանալը և, այլ բան է ունենալը:
Իրավիճակային իրազեկությունն այն գիտելիքն է, որը ձեռք է բերվել սուբյեկտի և նրա շրջակա միջավայրի միջև փոխներգործության շնորհիվ: Իրազեկությունը գիտելիք է, որը սահմանափակված է ժամանակով և տարածությամբ: Քանի որ շրջակա միջավայրը փոխվում է, ուստի իրազեկությունը, կամ այն տվյալները, որոնք հանգեցնում են իրազեկությանը, պետք է շարունակաբար լինեն արդիական և, հավանաբար, անցյալ իրավիճակի հետ համեմատվող: Իրազեկությունը սովորաբար լինում է մեկ այլ գործունեության բաղադրիչ: Իրազեկվածությունը հազվադեպ է ինքնանպատակ լինում: Իրազեկությունը ամենօրյա երևույթ է և, նրա դերը ավելի նկատելի է դառնում, երբ իրավիճակը և միջավայրը դառնում են ավելի փոփոխական, բարդ, լրացուցիչ տեղեկություններ պահանջող և այլն:
Իրավիճակային իրազեկությանը հասնելը և դրա պահպանումը եռաստիճան գործընթաց է, հետևյալ բաղադրիչներով.
– միջավայրի համապատասխան տարրերի մասին պատկերացման ձևավորումը
– այդ տարրերի միասնական ըմբռնումը
– մոտ ապագայում այդ տարրերի վիճակի կանխատեսումը:
Միջավայրում գործող սուբյեկտը նախ և առաջ պետք է հավաքի դիտարկվող տվյալները, ընտրողաբար առանձնացնի այն տարրերը, որոնք առավել չափով վերաբերում են իրեն տրված հանձնարարականին, ամփոփի ստացվող տվյալները առկա գիտելիքի համադրությամբ և, կատարի ընթացիկ իրավիճակից բխող համապատասխան հետևություններ: Եվ վերջապես, սուբյեկտը պետք է կարողանա կանխազգալ միջավայրի փոփոխությունները և կանխատեսել, թե ինչպես են փոխվելու ստացվելիք տվյալները:
Զինվորական հրամանատարության պարագայում միջավայրը ռազմադաշտն է, ուստի ռազմական գրականությունում մենք հանդիպում ենք «ռազմադաշտային իրազեկություն» կամ «մարտադաշտային գիտելիք» եզրույթներին:
Համընդհանուր իրազեկությունը ոչ միայն վերջինիս բաղադրիչների գումարն է, այլև դրանց համաձայնեցված, շարունակաբար ներդաշնակեցված համակարգը: Բարդ կառուցվածք ունեցող կազմակերպություններում այն կարող է լինել անգամ բազմաստիճան: Անհատ սուբյեկտների իրավիճակային իրազեկությունը, ելնելով նրանց միջև համագործակցության մակարդակից և բովանդակությունից, կարող է մասնակիորեն զուգադիպել: Հանձնանարված առաջադրանքը արդյունավետ կերպով և հաջողությամբ իրականացնելու համար, այդ սուբյեկտները իրավիճակի տարրերի վերաբերյալ պետք է ունենան միատեսակ կամ համարժեք գիտելիքներ: Համագործակցող խմբերի կամ կազմակերպությունների դեպքում բոլորի համար ընդհանուր հանդիսացող իրավիճակային իրազեկությունը կարելի է բաժանել ըստ այդ կազմակերպությունների տարածքային պատասխանատվության սկզբունքի, կամ ըստ գործառույթների բնույթի և մակարդակների: Տարածքային սկզբունքով բաժանման դեպքում իրազեկության համընկնող բաղադրիչները վերաբերում են հարակից տարածքներին: Գործառույթների սկզբունքով բաժանման դեպքում համընկնող մասը պարունակում է տիրույթներ, որոնք վերաբերում են երկու սուբյեկտներին: Երկու դեպքում էլ անհատ սուբյեկտների իրավիճակային իրազեկության մանրամասները և ճշգրտությունը կարող է լինել տարբեր, և սովորաբար այդպես էլ լինում է: Նույ կերպ, բարդ կառուցվածք ունեցող հրամանատարական տարբեր մակարդակների համար ևս բնութագրական է մանրամասների տարբերությունները:
Պարզ օրինակ
Դիմենք հետևյալ պարզ օրինակին. ռազմական անհրաժեշտություն է ծագել կասեցնել վտանգավոր զենքերի կամ զանգվածային ոչնչացման զենքերի փոխադրումը: Սույն հարցին հետամուտ լինելու համար պահանջվում է լավատեղյակ լինել հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանում օդային փոխադրամիջոցների վերաբերյալ: Զենքի փոխադրման տեղորոշման, այդ բեռի վնասազերծման կամ ոչնչացման հաջող իրականացման համար առնվազն անհրաժեշտ են համապատասխան տվյալներ (թռիչքի պլանները կամ գոնե հավաստի տեղեկություններ փաստացի փոխադրամիջոցի տեխնիկական հատկանիշների վերաբերյալ) և ԱԹՍ-երի միջոցով կատարվող հետախուզություն:
Ստացվող տվյալները կարող են մտցվել այնպիսի համակարգի մեջ, որն ունակ է դրանք համակարգել: Սակայն կա մի խնդիր. հակառակորդը կարող է հեշտությամբ խփել ու վայր գցել հետախուզական ԱԹՍ-ն, հատկապես, երբ վերջինիս թռիչքը տևել է նախատեսվածից ավելի երկար կամ, երբ ԱԹՍ-ն կարիք ունի վայրեջքի վայրի, իսկ հակառակորդի տարածքում վայրեջք կատարելու ունակ ԱԹՍ-ների քանակը սահմանափակ է: Դրան գումարած, հնարավոր չէ կամ ցանկալի չէ ոչնչացնել այն վազքուղիները, որոնց վրա կարող է վայրէջք կատարել զենք փոխադրող օդանավը:
Գործակալական հետախուզությունը հայտնաբերել է մի օդանավ, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել թռիչքի վերաբերյալ այլ աղբյուրներով, ռադիոտեղորոշիչ սարքերով և այլն: Այնուհանդերձ, տեղական հրամանատարներից մեկը, որին անվանենք «Ա», վստահաբար պնդում է, որ հետախուզության գործակալները հաղորդել են ինքնաթիռի օդ բարձրանալու մասին: Պարզ չէ նաև, թե որքանով է թարմ նրանց հաղորդած տվյալը:
Ամենահավանական վայրում, ուր նման փոխադրամիջողը կարող էր վայրէջք կատարել, ըստ սովորական տեսանկարահանման, օդային փոխադրամիջոց չկա: Եթե օդանավն այդտեղ վայրեջք կատարած լիներ, ապա ամենայն հավանականությամբ որոշում կկայացվեր ամբողջությամբ ոչնչացնել օդանավակայանը և ապրանքապահեստը: Հրամանատար «Ա»-ն իրական ժամանակով տեսապատկերահանմամբ դիտում է այդ օդանավի վայրէջքի հնարավոր վայրերը: Նա տեսնում է հետևյալ պատկերը.
ԱԹՍ-ի տվյալների համակարգի ենթակառույցը հրամանատար «Ա»-ին հնարավորություն է ընձեռում մի քանի ժամով հետ գնալով դիտել ոչ միայն տեսանկարահանումն, այլև ինֆրակարմիր պատկերները: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ տվյալները ոչ միայն պահեստավորվում են, այլև մշակվում են այնպես, որ հնարավորություն ընձեռի հետադարձ դիտարկում կատարել և համագործակցել այլ ծառայությունների հետ:
Հրամանատար «Ա»-ն նկատում է, որ 23 րոպե առաջ մեկ այլ ԱԹՍ-ի կողմից կատարված տեսանկարահանման մեջ պատկերի վերին աջ կողմում առկա է ջերմային հետք: Փոխադրամիջոցն ըստ երևույթին վայրէջք է կատարել, բեռնաթափվել է և օդ բարձրացել հետախուզական ԱԹՍ-ների թռիչքների արանքում: Հրամանատար «Ա»-ն խորհրդակցություն է կազմակերպում իր ենթակայության տակ եղած անձանց մասնակցությամբ: Այդ ընթացքում, նա ստանում է իր հայտնաբերած ջերմային հետքի պատկերը և ցուցադրում է այն խորհրդակցության մասնակիցներին: Խորհրդակցության յուրաքանչյուր մասնակից հրամանատար «Ա»-ի տվյալները մուտքագրում է իր փոխկապակցված համակարգչում: Հրամանատարը շրջանակի մեջ է առնում օդանավի ջերմային հետքը, պարզաբանելով, որ այն վայրեջք է կատարել արագորեն և բեռնաթափվել է առանց շարժիչներն անջատելու:
Վերը նշված պարզեցված համատեքստում որոշում կկայացվի ոչնչացնել օդակայանի ապրանքապահեստը:
Որոշում կայացնողներից մեկ ուրիշը՝ հրամանատար «Բ»-ն նկատում է կործանիչի ջերմային հետք, ինչից եզրակացնում է, որ այդ կործանիչը հավանաբար ուղեկցել է փոխադրամիջոցին, երբ այն օդ է բարձրացել, մանավանդ որ ուսումնասիրությունը ցույց է տալիս ջերմային երկու հետքերը ունեն հարաբերականորեն նույն ջերմաստիճանը: Ասվածը երևում է պատկեր 3-ում և նշված է կանաչ շրջանագծով:
Նման միացյալ կարողության հասնելու համար այն պետք է գործի համակարգի մեջ: Դրանից հնարավոր չէ օգտվել առանց նախօրոք այդ պլանավորելու: Որոշ գերժամանակակից ԱԹՍ համակարգերն օժտված են նման հնարավորություններով: Այն համակարգերը, որոնք կապված են «Իսրայելի Աերոսփեյս Ինդասթրիզ» ընկերության հետ ստեղծել են նման համակարգեր, իսկ որոշ այլ համակարգեր, որոնք առաջարկվում են այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են «Ջեներալ աթոմիքսը» (General Atomics), «Նորթրոփ Գրումանը» (Northrop Grumman), փորձում են հասնել դրան: ԱԹՍ-ների հին սերունդների համակարգերի վերանախագծումը իրական կամ իրական ժամանակին մոտ որոշումներ կայացնելու համար դրանց հարմարեցման ուղղությամբ ծախսատար է: Երկատում կա գոյություն ունեցող համակարգերի կարողությունների ընդլայնման հարցում, երբ նպատակը ռազմադաշտի իրավիճակային իրազեկության ապահովումն ու դրա բաշխումն է ըստ հասցեատերերի: Հին սերնդի համակարգերն ունեն նախագծային առանձնահատկություններ, մինչդեռ նոր պահանջները ենթադրում են կարողությունների առումով ճկուն և լայնածավալ համակառույցով տվյալների կենտրոն: Վերը նշված պատկերներում ներկայացված կարողությունների կիրառմամբ խորհրդակցություն գումարելու հրամանատարական կառույցի խնդիրը լուծելը դյուրին չէ: Բավական է հաշվի առնել միայն այն տվյալների ընդհանուր քանակը, որը պետք է խմբավորվի և մատչելի դարձվի սպառող սուբյեկտներին, ընդ որում առանց կենդանի տեսանյութերին կրկին վերադառնալու հնարավության: Դա ակնհայտ դարձավ, երբ 2012թ. ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերը կիսով չափ կրճատեցին իրենց հետախուզական ԱԹՍ-ների քանակությունը, քանի որ զուրկ էին զինծառայողների անհրաժեշտ քանակից՝ բոլոր թռչող սարքերից ստացվող տվյալները մշակելու համար:
Խնդիրը և դրա լուծումը
Իրավիճակային սպառնալիքների արդյունքում ըստ հնարավորինս լավագույն որոշումը կայացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, հատկապես լայնածավալ ճգնաժամների դեպքում, պատասխանատու հրամանատարական կառույցը պետք է լիովին իրազեկված լինի ընթացիկ իրավիճակի մասին՝ իհարկե հաշվի առնելով այդ հարցում եղած ֆիզիկական սահմանափակումները:
Ռազմադաշտում առկա իրավիճակային իրազեկությունը թույլ է տալիս ըմբռնել սպառնալիքները և պայմանների փոփոխությունը: Ցանկացած սպառնալիք պետք է ընկալվի՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Ռազմադաշտում փոփոխությունները հասկանալու կարողությունը կախված է այդ մասին տեղեկությունների որակից և դրանք ժամանակին ստանալուց: Սպառնալիքներն ըմբռնելու համար տարբեր աղբյուներից ստացվող տվյալները պետք է լինեն մատչելի և առկա խնդիրներին վերաբերող: Իրազեկությանը հասնում են ձևավորելով խնդրո առարկա ընդհանուր իրադրությամբ զբաղվող հրամանատարություն, օպերատորների խումբ, ռազմադաշտում աշխատող անձնակազմ և վերլուծաբաններ:
Իրավիճակային իրազեկության մակարդակը բարձրանում է տվյալների մի համակցության շնորհիվ, որն անվանվում է «Հետախուզություն, դիտարկում, տեղազննություն»: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է մի շարք համակարգերի օգտագործում, որոնք ուղղված են սպառնալիքները հայտնաբերելուն և ռազմադաշտում մարտավարական տվյալներ հավաքելուն: Ընդհանուր տվյալները պետք է մատչելի լինեն ճգնաժամով զբաղվող ուժերի համակցության համար: Ինչպես ցույց տրվեց վերը ներկայացված պարզ օրինակում, առանց զենքեր տեղափոխելու մեջ կասկածվող ինքնաթիռի գետնի վրա մնացած ինֆրակարմիր հետքի և 23 րոպե առաջ կատարված սովորական տեսանկարների համադրության հնարավոր չէր լինի եզրահանգում կատարել օդանավի վայրեջքի և թռիչքի, ինչպես նաև կործանիչի կողմից այդ օդանավի հնարավոր ուղեկցման վերաբերյալ: Այսպիսի ունակությունը պահանջում է բավականին բարդ կարողություն տվյալների մեծ քանակությունը մշակելու, հետագայում դրանից օգտվելու համար այն պահպանելու և համակարգչային միջոցներով այն շահագրգիռ սուբյեկտներին մատուցելու հարցերում:
Հրամանատարական կառուցվածքում ձեռք բերված տվյալները բաշխելու գործընթացը ներառում է պահանջվող տվյալների և ԱԹՍ-ների օպերատորների առջև դրված խնդիրների համապատասխանեցումը, ինչպես նաև համապատասխան մակարդակի հրամանատարներին և այդ տվյալները կարիքը զգացող մյուս սուբյեկտներին այդ հասցնելը: Դա վերաբերում է տվյալների պահանջարկի և կառավարման հարցերին: Եթե տվյալներն անհրաժեշտ են մարտավարական կարգի հետախուզության համար, ապա դրանք պետք է մատուցվեն իրական ժամանակում և հաճախ ուղղակիորեն այն ձևով, ինչ կերպ որ հասնում են օպերատորին, և գուցե նաև ԱԹՍ-ի անմիջական օպերատորին: Եթե տվյալներն անհրաժեշտ են ռազմավարական հետախուզության համար որևէ գաղտնի պլանի առնչությամբ, ապա հաճախ պարտադիր չէ այդ տվյալները հաղորդել անհապաղ: Այս երկու ծայրահեղացված օրինակներում տվյալները պետք է մատուցվեն տարբեր մակարդակի մանրամասնությամբ: Սենսորների և այլ տեղեկատվական համակարգերի միասնական օգտագործումը կազմում է տարբեր հրամանատարական մակարդակներում իրավիճակային իրազեկության հիմքը:
Միացյալ համակարգի ներսում կիրառվում են միմյանց լրացնող զանազան տեխնոլոգիաներ, որոնցից ստացվող տվյալների արդյունքը համատեղ աշխատող սուբյեկտների համակցության համար դառնում է էական: Միացյալ համակարգերը բաղկացած են սենսորային սարքերից, բարդ իրադրությունների մշակումներից և արտաքին տեղեկատվական համակարգերից՝ ներառյալ հանրային լրատվամիջոցները: Հետաքրքրության օբյեկտ հանդիսացող տարածքները, որոնք գտնվում են դիտարկման տակ, կարող են հետաքրքրություն ներկայացնել հարևանությամբ գործող հրամանատարությունների համար, ինչպես որ դա լուսաբանված է վերը ներկայացված օրինակում: Ուստի իրավիճակային իրազեկության մակարդակի բարձրացմանը հասնելու համար անհրաժեշտ է տվյալներ համատեղ օգտագործում և տեղեկատվության համալրում արտաքին համակարգերից:
Դա ներառում է (կապված ԱԹՍ-ի տեսակից).
– գետնի վրա շարժվող թիրախներ հայտնաբերող սարք
– էլեկտրատեսողական ինֆրակարմիր նկարահանում
– ընդհանուր ռադիոտեղորոշիչ
– հակամարտկոցային ռադիոտեղորոշիչ
– համադրական ռադիոտեղորոշիչ սարքեր
– էլեկտրոնային պատերազմ վարելուն աջակցող միջոցներ:
Այնուհանդերձ, վերահսկողական կենտրոնի ենթակառուցվածքին անհրաժեշտ որոշ գործիքներ, ինչպիսիք են 3D արտապատկերման սարքերը, ավելի կարևոր են համարվում, քան այնպիսի սարքերը, որոնք սովորաբար չեն դիտարկվում իբրև անմիջական մարտավարական կարևորություն ունեցողներ, ինչպես օրինակ հանրային լրատվամիջոցներն իրական ժամանակում տեսածրման և բջջային հեռախոսները գաղտնալսելու սարքերը:
Տեխնիկայով հայթայթված տվյալների մշակումը, դրանք իրական ժամանակին հնարավորին չափ մոտեցնելը, այդ տվյալները կառավարման կենտրոնի անձնակազմի կողմից գործնականորեն կիրառելի դարձնելը և տեղեկատվությունը հրամանատարությանը ներկայացնելը բավականին բարդ գործ է:
Ինչպես վերը նշվեց, այդ կարգի կարողությունը դժվար է հարմարեցնել արդեն իսկ գոյություն ունեցող համակարգին: Օրինակ, թողունակության արագության հանդեպ պահանջները սենսորներով ոչ հարձակողական ԱԹՍ-ների հիմնական օպերացիաների դեպքում կարող են լինել հետևյալները.
– Համադրական ռադիոտեղորոշիչ սարքեր – 1մ լուծաչափ, ընդամենը՝ մոտ 10 մեգաբիթ/վարկյան
– գետնի վրա շարժվող թիրախներ հայտնաբերող սարք 10մ լուծաչափով՝ 5 մեգաբիթ/վարկյան
– էլեկտրատեսողական ինֆրակարմիր նկարահանող սարք – 40 մեգաբիթ/վարկյանից ավելի
– պատկերներ –0.3 մետր լուսազգայությամբ, 4Կ էյչ Դի բարձր ճշգրտությունը կարող է գերազանցել 2 մեգաբիթ/վարկյանը:
Մեկ տասնամյակ առաջ նախագծված կառավարման կայանը ներկայումս դժվարությամբ կարող է հարմարվել այն ԱԹՍ-ին, որի համար այն նախկինում նախատեսված է եղել: Լավագույն դեպքում այն հավանաբար կարող է ծառայել տվյալները վերադասին հաղորդելու համար՝ առանց այն այլ սուբյեկտների միջև ցրելու:
Թողունակության սահմանափակումը նպաստում է առաջիկայում տվյալների գերծանրաբեռնվածությունից խուսափելուն, սակայն այն ուղղակիորեն ազդում է տվյալների խտության և որակի վրա: Սա դժվար լուծելի խնդիր է: Հնարավոր է, որ իրական ժամանակով ստացվող նյութերը չկորեն, սակայն ներկայիս շատ համակարգեր ի վիճակի չեն այդ նյութերը տեսագրել: Այդ տվյալները ընկալելը, առավել ևս նոր սերնդի ԱԹՍ-ների ավելի բարձր թողունակությանը հարմարվելը, կամ անգամ երկու ԱԹՍ-ների միաժամանկյա սպասարկումը հնացած կայաններով գրեթե անհնարին է: Այս ամենը խոչընդոտում է որոշում կայացնողներին լիարժեք իրավիճակային իրազեկություն ներկայացնելուն: Նման խնդիրները լուծելու համար հետախուզական համակարգերը պետք է լինեն փոխգործակցող, որպեսզի կարողանան ժամանակին միմյանց փոխանցել անհրաժեշտ տեղեկությունները:
Երևանում կատարված չափումները ցույց են տալիս, որ անգամ 2 կադր/վարկյանում արագությանը համազոր տեսանկարահանման տվյալները շտեմարանում տեղադրելն ընդունելի է այն պայմանով, որ հնարավոր լինի պահել նույն որակի բազմակի (10-ից ավելի) հոսքեր և ապահովել դրանց բաշխումը պահվելուց հետո 30 վարկյանից մեկ րոպե ընկած ժամանակային միջակայքում:
Ներկայումս մի շարք ԱԹՍ-ների տեխնոլոգիաներում ներմուծվում են համակարգային ենթակառույցներ, որոնք նախատեսված են բազմաթիվ դիպվածների միաժամանակյա սպասարկման համար: Այդ սպասարկման ծառայությունները հարաբերականորեն լայնածավալ են և հարմարեցված են միմյանց տվյալներից օգտվելու համար:
Այնպիսի լուծումներ պետք է մշակվեն, որոնք կկարողանան ամբողջությամբ սպասարկել ինչպես սենսորների որակի կտրուկ աճը (ստացվող տվյալների քանակի մեծացման) այնպես էլ ԱԹՍ-ների քանակի աճը: Վերը նշվածն ապահովելու համար անհրաժեշտ է որդեգրել համակարգի մաս կազմող այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հատուկ մշակված են միևնույն գործառությը բազմաթիվ անգամներ կատարելու համար և օժտված են համապատասխան կարողությամբ: Սա կոչվում է Սպասարկմանն Ուղղված Կառուցվածք (Service Oriented Architectures (SOA)): «Իսրայելի Աերոսփեյս Ինդասթրիզ»-ը և Նորթրոփ-Գրումանը (Northrop-Grumman) իրագործում են նման լուծումներ՝ կիրառելով SOA: Սույն հոդվածը նվիրված չէ SOA -ի հետազոտմանը: SOA-ի մասին մանրամասներ կարելի է հեշտությամբ գտնել համացանցում: SOA ծրագիրը կարելի է ձեռք բերել ինչպես արտադրողներից այնպես էլ անվճար աղբյուրներից:
SOA-ն բաշխված համակրգչային և մոդուլար ծրագրավորման զարգացման արդյունքն է: SOA-ն բաղկացած է տարբեր համակրգչային ծրագրերից: Չնայած SOA ծառայությունները բավականին որակյալ են, սկայան գործում են միմյանցից անկախ: Գոյություն ունեն SOA ծառայությունների միջև հարաբերությունները կարգավորող հատուկ կանոններ, որոնք տարբերվում են ավանդական մեթոդներից: SOA-ները հենվում են Բիզնես Գործընթացների Կարողությունների (Business Process Expertise) վրա ծառայությունների միջև կապն ապահովելու համար: Սա նպատակ է հետապնդում բավարարելու գոյություն ունեցող կամ նոր ծրագրային պահանջները:
Վերը նշվածը կիրառվում է նաև ամենօրյա բիզնես գործունեության ընթացքում: Օրինակ, եթե տարբեր ծրագրեր պահանջում են վարկունակության ստուգմանն ուղղված տեղեկատվություն, ապա յուրաքանչյուր ծրագիր պետք է ունենա անհատական ծրագրային ապահովում համապատասխան տեղեկատվությունը մշակելու համար (կամ հակառակ դեպքում օգտագործել լրացուցիչ ծրագրային աջակցություն): Նշված ծրագրերից յուրաքանչյուրի ծրագրային ապահովման համար IT թիմի կողմից պետք է իրականացվեն լրացուցիչ աշխատանքներ, ինչպես նաև դա ավելացնում է բիզնեսի սպասարկման ընդհանուր ծախսը: Իրականում, ընկերության համար ներքին ծրագրի ստեղծման համար միայն անհրաժեշտ է կատարել թանկարժեք պայմանագրային աշխատանքներ, դեռ ավելին որևէ երաշխիք չկա, որ նոր ծրագրի համագործակցությունը արդեն գոյություն ունեցողների հետ կլինի սահուն:
SOA-ը լուծում է նշված խնդիրները խուսափելով ներքին օգտագործման ծրագրերը ստեղծելուց՝ փոխարենը ստեղծելով վերաօգտագործող ծառայություններ:
Փաստորեն, խնդրի լուծման համար լավագույն տարբերակ զրոյից SOA համակարգ որդեգրելն է, այլ ոչ թե կիրառել ձեռքի տակ եղած գործառույթները լուծումների նոր համակարգի մեջ: Հետևաբար, զարմանալի չէ այն հանգամանքը, որ ծամանակակից ԱԹՍ տվյալների մշակման համակարգերը սկսեցին կիրառել SOA՝ տվյալների վատնումից խուսափելու նպատակով:
MIDA-ն համակարգ է, որը ընդունում և մշակում է հետախուզական տվյալներ և MIDA վեբ ծառայությունների միջոցով հնարավոր է դարձնում մուտք գործել և օգտագործել այդ տվյալները: Ինչպես և SOA-ը, այն պարունակում է հետևյալ ծառայությունները. տվյալների ընդունում և մշակում, շահագործում, տարածում, պահպանում, բաժանորդագրություն և որոնում: Որոշ IAI համակարգեր օգտագործում են միանման SOA գործառույթներ, որոնք մասնակիորեն հիմնված են eDISH, Extensible Distributed Information Services Hub-ի վրա:
Հղումներ
[1] Israeli drone commander: ‘The life and death decisions I took in Gaza’Աղբյուրներ
Toward a Theory of Situational Awareness in Dynamic Systems, M. Endsley, in Human Factors 37(1) 1995
Interoperable Sharing of Data with Coalition Shared Data (CSD) Server