Դավիթ Դավիթյան
Արդյո՞ք Հայաստանին բանակ պետք է. Թերևս պետք չէր լինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը չունենար արտաքին թշնամիներ, պաշտպանություն պահանջող հավաքական շահեր, և միջազգային հարաբերությունները չնմանվեին դպրոցի բակի անողոք կռվի:
Խորհրդային Միության փլուզման ժամանակ բաղկացուցիչ ժողովուրդները պետք է ընտրեին կամ ստեղծեին քաղաքական և հասարակական ինքնություններ, որոնք փոխարինում էին խորհրդային ժամանակներին: Այս պետությունների մեծ մասը գտնվում էր արևմտյան ինստիտուտների, ներդրումների և սոցիալական քաղաքականության (դրամավարկային, առողջապահական, կրթական և այլն) ուժեղ ազդեցության տակ։ Մարքսիստ-լենինիզմը կորսված համարելով՝ արևմուտքի կողմից իրականացվեց «Շոկային Թերապիա»։ Արդյունքը եղավ կովբոյական կապիտալիզմը և հզոր օլիգարխների ձևավորումը, ինչն էլ հանդիսանում էր անձնական կուտակային ուժի թույլ վերահսկողության գագաթնակետը իր բազմաթիվ ձևերով, որոնք նախկինում խորհրդային հրամանատարական տնտեսության իրավասությունն էին: Շատ օլիգարխներ առևտուրը սովորեցին հայտնի խորհրդային համակարգի ժամանակ, որտեղ պետությունից գողությունը «գողություն» չէր համարվում: Խորհրդային Միության փլուզման ժամանակ համեմատաբար ավելի շատ թալան կար: Յուրաքանչյուր նորաստեղծ պետություն ուներ իր ուրույն առանձնահատկությունները։ Խորհրդային Միության փլուզման ժամանակ ազգայնականության բավականին չմշակված ձևեր առաջ եկան, որոնց մասին հատորներ են գրվել։ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությունում մրցակցող ուժերը առանձնակի հետաքրքրություն առաջ բերեցին։
Հայկական վերջին թագավորությունը կործանվեց մոտ ինը հարյուր տարի առաջ՝ դադարեցնելով երբեմնի հզոր դիվանագիտությունը, որը ժամանակին ձգվում էր Երուսաղեմից մինչև Իտալիա: 1990-ականների սկզբին հետխորհրդային Հայաստանը միտումնավոր ընտրեց քաղաքականություն՝ հիմնված նորաստեղծ օլիգարխների վրա, որոնցից շատերը խորհրդարանի անդամներ էին, ոմանք մաֆիոզական մականուններով: Երկու մրցակցող գաղափարախոսություններն էին բարեհամբույր ազգայնականությունը, առանց մեծ ծրագրի, և օլիգարխիան, որի տնտեսության ղեկավարումը իրենց պատկերով ստեղծում էր հասարակական հղման կետեր՝ իշխանության կուտակում և օրենքների ընտրովի կիրառումով աշխատելը:
Թեև այս պայմաններից մի քանիսը գոյություն ունեն երրորդ աշխարհի շատ երկրներում, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում էր, որ հասարակությունը մարդկային ամբողջ փոխգործակցությունը ամենևին չհիմներ դրամական գործարքների վրա: Տեղական մրցակցային տնտեսական ուժերը կարող են գերակշռել այն երկներում, որոնք ունեն արդյունավետ ինքնապաշտպանության ռազմավարություն և օրենքի ողջամիտ կիրառում: Լևոն Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանի ենթադրյալ ազգայնական առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, երկուսն էլ Արցախից, Հայաստանի ամենահայտնի օլիգարխներն էին։ Նրանց համաձայնեցումը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ստեղծել էր հնարավոր իշխանության և պաշտպանության պատրանք:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը հիմնված էր այն ենթադրության վրա, որ Հայաստանը չի կարող լինել ավելին, քան տարածաշրջանային ջրանցք՝ փոքր խանութների սեփականատերերի վրա հիմնված տնտեսությամբ: Որպես պետություն՝ նա պետք է համաձայնության գա իր հարևանների հետ։ Ինչի՞ գնով պետք է իրականացվեր համաձայնությունը Թուրքիայի հետ, որը սպառնում էր Հայաստանին դեռ 1993 թվականից։ Թուրքիան հետևողականորեն պահանջում է Հայաստանից դադարեցնել իր պատմական ազգային մանդատը, որը նվազագույնը եղել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը: Լևոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ հայտարարությունները (այն ժամանակվա տպագիր մամուլում) ընդդեմ Հայաստանի եզակի սփյուռքի, օտարացրեցին որթատունկի լավագույն և ամենապայծառ սերունդը: Սահմանադրորեն, 48-րդ, 148-րդ, 124-րդ, 165-րդ, 174-րդ և 177-րդ հոդվածները փաստացի սահմանափակում են Հայաստանի կառավարության կարևոր պաշտոնները, թույլատրելով միայն տեղացիներին զբաղեցնել նմանօրինակ պաշտոններ: Թեև դա կարող է արտաքուստ խելամիտ թվալ, արդյունքն այն է, որ ոչ մի սփյուռքահայ չի կարող որևէ դեր ունենալ կառավարման գործում: 21-րդ դարում անհատները կարող են հեշտությամբ ստուգվել և անցնել անհրաժեշտ նախնական ստուգումներ: Իհարկե, գործող ղեկավարները չեն ցանկանում, որ լավագույնն ու ամենավառը խարխլեն իրենց դիրքերը:
Այսօրվա հայկական բանակի ձևավորումը հիմնված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում և խորհրդային հայկական ուժերի մնացորդների ինքնապաշտպանական ջոկատների վրա: Այս համախմբումը կարելի է վերագրել Վազգեն Սարգսյանին։ Նա հայտնի դարձավ 1980-ականների վերջին՝ ղեկավարելով հայկական կամավորական խմբերը ադրբեջանական ուժերի հետ մարտերում: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտպանության նախարար նշանակվելով՝ Վազգեն Սարգսյանը դարձավ Հայաստանի զինված ուժերի ամենահայտնի հրամանատարը։ Տարբեր պաշտոններում նա կարգավորել է Ղարաբաղյան առաջին պատերազմում մարտական գործողությունները մինչև 1994թ., երբ կնքվեց զինադադարը։
Վազգեն Սարգսյանը խստացրեց իր վերահսկողությունը Հայաստանի զինված ուժերի վրա՝ դառնալով Հայաստանի ազդեցիկ մարդանցից մեկը։ 1996-ի ընտրություններում Տեր-Պետրոսյանին աջակցելուց հետո նա 1998-ին ստիպեց Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ լինել՝ վերջինիս կողմից արցախյան կարգավորման բանակցություններում զիջումներին աջակից լինելու պատճառով։ Այնուհետև Վազգեն Սարգսյանը օգնեց Ռոբերտ Քոչարյանին նախագահ ընտրվել։ Վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո Վազգեն Սարգսյանը միացավ Հայաստանի նախկին կոմունիստ առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ՝ ի հայտ գալով որպես Հայաստանում դե ֆակտո ռազմական և օրենսդրական որոշումներ ընդունող։
Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մի քանի հոգի սպանվեցին Հայաստանի խորհրդարանում 1999թ. հոկտեմբերին։ Թվացյալ մեղավորները դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Այնուամենայնիվ, դատավարության գործընթացի նկատմամբ անվստահությունը ծնեց կասկածյալ ոչ պաշտոնական վարկածներ: Առաջատար վարկածի համաձայն սպանությունը կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի կողմից։ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի երրորդ նախագահը, տասնմեկերորդ և տասնհինգերորդ վարչապետը։ Այս ամենը հիշեցնում է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալը, միայն մի բացառությամբ, որ խաղացողներից և ոչ մեկը չի առաջնորդում կրակ շնչող վիշապների:
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ հիմնվելով այն խաբեության վրա, թե ինքը հակակոռուպցիոն և հակաօլիգարխ պոպուլիստ է։ Այնուամենայնիվ, ոչինչ չարվեց ստեղծելու այնպիսի ինստիտուտներ, որոնք պահանջում էին հնարավոր ամենաուժեղ ռազմական պաշտպանությունը, որի պակասը հանգեցրել է պաշտպանական կառույցի և ժողովրդի միջև ահռելի տարանջատմամբ: Հայաստանը շրջապատված է ուժերով, որոնք կարող են օգտվել Հայաստանի թուլակամությունից և իր գոյությունը ուրիշների բարի կամքի վրա թողնելու ցանկությունից։ Ռուսաստանին ապավինելուց բացի որևէ այլ տարբերակ դիտարկելը կպահանջի ստեղծել ռազմավարական ազգային տեսլական և, ի վերջո, մեծ ռազմավարություն: Վերջինս չի սահմանվում գործարքային դիվանագիտական, ռազմական և տնտեսական գործունեությամբ, այլ պահանջում է պլանավորում, որը չի բխում կառավարության անմիջական շահերից, քանի որ այն օգտվում է գործարքային կոռուպցիայից: Ռուսաստանն ավելի մեծ հարգանք կունենար Հայաստանի նկատմամբ, եթե վերջինս կարողանար ավելի լավ պաշտպանել իրեն, ոչ թե նմանվեր դպրոցական բակում վեճի ժամանակ ավելի մկանուտ ընկեր փնտրող երեխայի: Ցանկացած երկարաժամկետ ծրագիր չափազանց կարևոր է կոմունիստական ձախողված անցյալի օրինակով: Այս ամենին հակառակ կարելի է դիտարկել այնպիսի պետություններ, ինչպիսին Իսրայելն է, որը ռազմավարական պլանավորման մեջ հաշվի է առնում մի քանի սերունդների տեսլականը:
Այն ընթացքում, երբ Ռուսաստանը հաշվի էր առնում թուրքական կոնկրետ շահերը, հուսալով ճեղք ստեղծել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև, նորընտիր Փաշինյանը որոշակի հակառուսական դիրքորոշում ցուցաբերեց։ Հայաստանը դեռևս չէր կարողանում հաշտվել տարածաշրջանային փոփոխվող դինամիկայի հետ։ Զարմանալի չէ, որ Հայաստանը երբեք չի կարողացել նախապատրաստվել Ադրբեջանի հետ պատերազմին։ Ավելին, արհեստականորեն տանուլ տված Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում Փաշինյանը չորս անգամ փոխեց պաշտպանության նախարարներին, և վեց այլ պաշտոնյաներ կասկածելիորեն մահացան։
Իրականում Փաշինյանը դեմ էր այն մի քանի խոշոր օլիգարխներին, որոնք նրան բանտարկեցին մեկ տասնամյակ առաջ, միաժամանակ սպասարկելով օլիգարխների նոր դասին, որոնք կուլիսներում սպասում էին թուրքերի և ադրբեջանցիների հետ բիզնես պայմանագրեր կնքելուն: Փաշինյանը Ադրբեջանին սահմանամերձ քաղաքների ու գյուղերի դատավորներին ու գյուղապետերին բանտ նստեցրեց։ Անցած երեսուն տարիների ընթացքում Հայաստանը երբեք չի կառուցել բնիկ պաշտպանական ենթակառուցվածք, չի ստեղծել ակտիվ դիվանագիտություն և փոխարենը սփյուռքին համարել է մրցակից: 2018 թվականի մայիսի 1-ին Փաշինյանն իր ելույթում ասաց.
«Ես ինձ լիբերալ չեմ համարում. Ժամանակակից աշխարհում «իզմերը» կորցրել են իրենց նախկին նշանակությունը»,- ասաց նա։ «Հիմա մարդու երջանկությունն ապահովելու դարաշրջանն է, և կարևորը ոչ թե «իզմ»-երն են, այլ մարդկանց երջանկությունն ու ազատությունը»։
Փաշինյանի (և նրան նախորդող) պետականամետության բացակայությունը Հայաստանին դրել է ավելի ուժեղ տարածաշրջանային տերությունների քմահաճույքի տակ։ Կամ Հայաստանը կերտում է իր ճակատագիրը դժվարին ճանապարհով, կամ Հայաստանը զիջում է պետականությունը, այլ տարբերակ չկա։
1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն, 2016 թվականի դեկտեմբերին հայտարարեց.
«Մի խոսքով, մեր դեպքում «ազգ-բանակ» կառուցելու ծրագիրը դժբախտ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և վերջնական հայաթափումը և Հայաստանից և Լեռնային արաբաղից»։
Այս մեջբերումի համատեքստը.
-Հայաստանի անվտանգությունը Իսրայելի կամ նույնիսկ Շվեյցարիայի մակարդակի չէ։
-Հայաստանի միակ արտաքին թշնամին Ադրբեջանն է.
-Թուրքիան երբեք չի հարձակվել Հայաստանի վրա.
Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ «լուրջ» բանակը կառաջացնի Հայաստանի հարևանների զայրույթը։ Անշուշտ, Սուն Ցզուն և բոլոր ռազմական ստրատեգները չեն համաձայնի նրա հետ։
ԵՄ-ի կողմից 2020 թվականի երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո 2,6 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթը Հայաստանի համար կարող է դիտվել որպես պարգև Հայաստանի տարածաշրջանային համաձայնության համար։ Գումարի մեծ անուղղակիորեն մասը կհայտնվի նրանց ձեռքում, ովքեր «որակավորվում են» բիզնես վարկեր ստանալու համար: Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների բացմամբ նուվո-օլիգարխները կուրախանան, իսկ տեղի հայ ֆերմերները և մանր արտադրությունը կտուժեն՝ հյուսիսում գտնվող Վրաստանի Հանրապետության օրինակով: Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Բաթումիի օրինակով, որտեղ թուրքական և չինական հանցավոր խմբավորումները փող են լվանում, քանի որ տեղական պաշտոնյաները այլ կողմ են նայում, Հայաստանը նույնպես կմիանա ինքնիշխանությունը հեշտ փողի դիմաց վաճառող տարածաշրջանային մշակույթին:
Ի տարբերություն իշխող վարչակարգի տիրող քաղաքականության, եթե հայերը խաղաղություն են ուզում, ապա նրանց անհրաժեշտ է արդյունավետ բանակ։ Պրուսացի գեներալ և ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցը գրել է.
«Խաղաղությունը պահպանվում է ուժերի հավասարակշռությամբ և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կա այս հավասարակշռությունը»:
Երևան, Հայաստան
Հեղինակ՝ Դավիթ Դավիթյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս: Նա ավելի քան մեկ տասնամյակ անցկացրել է տեխնիկական հետախուզական վերլուծություններ անելով տեխնոլոգիական խոշոր ընկերություններում: Նա բնակվում է Երևանում, Հայաստան):